«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը
10:58 - 17 հունիսի, 2024

«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

Հայտնի է Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը․ տեղեկացնում են կինոփառատոնի լրատվական ծառայությունից։

Ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Ժյուրիի կազմում է Փիթեր Սքարլեթը, ով ամերիկացի կինոգետ է, ով երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Մյուս ժյուրիի անդամն է Ալեքսանդրիա Բոմբաքը, ով ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։ Ժյուրիի անդամներից Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից, ով հեղինակել է աշխարհի տարբեր ծայրերում հրատարակված ավելի քան 30 հատոր աշխատանք։

Խայմե Մարտին Նոգերան իսպանացի մշակութային մենեջեր է, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել