factor.am: Պաշտոնական Բաքուն դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» և դա անվանել է «վնասակար»։
Ըստ Հաջիևի՝ սա չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հատկապես՝ ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման, երկու երկրների բարձրագույն իշխանությունների մակարդակով դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ ձեռնարկված լուրջ քայլերի համատեքստում։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար այն իրավիճակում, երբ լուրջ քայլեր են ձեռնարկվել ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ վերափոխման ուղղությամբ։ Սա լուրջ հարված է կարգավորման գործընթացին։
Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ուժերին։ Ուստի Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը, հատկապես, Հայաստանին հարձակողական մահաբեր զենքի տրամադրումը և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կնքման կապակցությամբ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանի ՊՆ-ն՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։ Այն մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
comment.count (0)