azatutyun.am: Հունգարիան չեղարկել է հուլիսի 8-ին Բուդապեշտում ծրագրված՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի բանակցությունները՝ «տեխնիկական պատճառներով»:
«Նախարարի օրացույցում չնախատեսված փոփոխության պատճառով Արտգործնախարարությունը խնդրել է, որ այցը տեղի ունենա ավելի ուշ, հուսով ենք՝ մոտ ապագայում», - ասված է Հունգարիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում:
«Պատճառը զուտ տեխնիկական է և ոչ քաղաքական», - վստահեցնում է պաշտոնական Բուդապեշտը, որը հուլիսի 1-ից կես տարով ստանձնել է նախագահությունը Եվրամիության խորհրդում:
Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «զարմացած է» այցի չեղարկման փաստով, և որ «լուրջ ու ազնիվ» քննարկման կարիք կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի հանդիպումից հետո:
Բրյուսելի և Կիևի կողմից չլիազորված Օրբանը ուրբաթ օրը Մոսկվայում էր, ինչպես ինքն է հայտարարել՝ «խաղաղության առաքելությամբ», և շուրջ երկուսուկես ժամ բանակցել է Պուտինի հետ: Այնուհետև Հունգարիայի նախագահը մեկնել է Շուշի, որտեղ մասնակցել է Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
comment.count (0)