Եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ես էլ ասել եմ՝ դա անհնար է, կարող ենք աշխատանքային համագործակցության գնալ: Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրեն կալանավորելուց առաջ որևէ համագործակցության առաջարկ եղել է: «Մասնավոր խոսակցությունները չեմ ուզում հանրայնացնել, բայց եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ասել եմ՝ այս խայտառակ ընտրություններից հետո դա անհնար է, կարող է լինել միայն աշխատանքային համագործակցություն»,- պատմեց նա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հենց Ասլանյանն է փորձել ՔՊ-ի հետ համագործակցել, իրենք մերժել են, նա ասաց. «Հաղթողը եթե ես եմ՝ ո՞վ պետք է մերժեր, ՔՊ-ն ի՞նչ էր արել, որ գար ինձ ասեր: Ես ՔՊ-ից որևէ մեկին չեմ էլ տեսել, չեմ էլ ճանաչում, ինձ համար իմ համաքաղաքացիներն են»: Ճշտող հարցին՝ կոալիցիա կազմելու առաջարկ ո՞վ է արել, Ասլանյանը նշեց. «Ես աշխատանքային համագործակցության մասին եմ խոսել: Ասել եմ՝ պատրաստ եմ աշխատանքային համագործակցության, բայց ոչ քաղաքական, իրենք ասել են քաղաքական, ես մերժել եմ»: Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. նա այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հիշեցնենք նաեւ, որ ըստ ՔԿ-ի՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը, իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
comment.count (0)