Ջո Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ
 |news.am|
09:47 - 23 հուլիսի, 2024

Ջո Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաժարվելով երկրորդ ժամկետով վերընտրվելու իր փորձից, հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում:

 

«Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, չկա մի բան, որը մենք չկարողանանք անել, եթե դա անենք միասին: Պարզապես պետք է հիշել, թե ով ենք մենք։ Ես իմ նախագահությունը նվիրել եմ դա ապացուցելուն, և կշարունակեմ դա անել այսօր, վաղը և ամեն օր, քանի դեռ ես պատիվ ունեմ ծառայելու որպես ձեր նախագահ», - ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Այն բանից հետո, երբ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը պետության ղեկավարին կոչ արեց հրաժարական տալ։

«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- գրել է Ջոնսոնը սոցիալական ցանցի իր X էջում:

Այն, որ Բայդենը որոշել է հանել իր թեկնածությունն ընտրություններից, հայտնի դարձավ անցած կիրակի։ Նա ասել է, որ ծրագրում է դիմել ժողովրդին այս շաբաթվա վերջին՝ «բացատրելու իր որոշումը»: Բայդենը հավանություն է տվել փոխնախագահ Քամալա Հարիսին որպես իր իրավահաջորդ։ Նոր թեկնածուի մասին որոշումը պետք է կայացնի Դեմոկրատական ​​կուսակցության համագումարը, որը կկայանա մի քանի շաբաթից։

81-ամյա Բայդենը՝ Ամերիկայի նախագահներից ամենատարեցը, հայտնվել էր ուժեղ ճնշման տակ Դոնալդ Թրամփի հետ աղետալի բանավեճից հետո, որին հաջորդեցին հրապարակային ելույթներում նոր սայթաքումներ. հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Վլադիմիր Պուտին, իսկ 5 օր անց BET-ին տված հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել հիշել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «սևամորթ»:

Եվ չնայած Բայդենի վարկանիշն աղետալի անկում չի ապրել (ըստ NYT/Sienna-ի հարցման՝ հուլիսի սկզբին նա ուներ 43%՝ Թրամփի 49%-ի դիմաց), ավելի քան 20 կոնգրեսականներ, այդ թվում՝ Սենատի մեծամասնության դեմոկրատ ղեկավար Չակ Շումերը, հրապարակավ կոչ են արել, որ նա հանի իր թեկնածությունը, իսկ Դեմոկրատական ​​կուսակցության դոնորները սկսել են հետ կանչել նվիրատվությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել