factor.am: Ռուսաստանը որոշել է ազատ արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ երկու ամերիկացիներն էլ մեկնում են Ռուսաստանից։ Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստան կտեղափոխեն արևմտյան բանտերում պահվող բանտարկյալներին։ Ռուսաստանը կարող է ստանալ Ալեքսանդր Վիննիկին, Վլադիսլավ Կլյուշինին, Վադիմ Կոնոշչենկոյին և Մաքսիմ Մարչենկոյին։
Նախօրեին նրանց մասին տեղեկատվությունն անհետացել էր ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի հանրային էլեկտրոնային տվյալների բազայից, ինչը հնարավորություն է տալիս որոշել բանտարկյալների պահման վայրը, նշում է ՏԱՍՍ-ը։
Հուլիսի 19-ին ռուսական դատարանը Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։
Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին, նա ավելի քան մեկ տարի անցկացրել է ռուսական քննչական մեկուսարանում։ Գերշկովիչը չի ընդունել մեղքը։ Փոլ Ուիլանը նույնպես դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Ուիլանը ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, ուր եկել էր գործընկերոջ հարսանիքին մասնակցելու։ Նա դատապարտվել է 2020 թվականի հունիսին։
Ուիլանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Վերջին օրերին քաղաքական մեղադրանքներով դատապարտված շուրջ տասը բանտարկյալներ ռուսական գաղութներից ու քննչական մեկուսարաններից տարվել են անհայտ ուղղությամբ։ Իրավապաշտպանները ենթադրում են, որ դա պայմանավորված է բանտարկյալների խմբակային փոխանակման նախապատրաստմամբ։ Կրեմլում այս լուրերը չեն մեկնաբանել։
comment.count (0)