azatutyun.am: «Համաս»-ի առաջնորդի սպանության պատճառով Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանն ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին կոչ է անում դադարեցնել աջակցությունն Իսրայելին։
«Եթե Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները ցանկանում են կանխել պատերազմն ու անկայունությունը տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ դադարեցնեն զենք վաճառել և աջակցել Սիոնիստական ռեժիմին», - ասել է Փեզեշքիանը ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
«Միացյալ Նահանգները և արևմտյան երկրներն աջակցում են մի ռեժիմի, որը չի ենթարկվում միջազգային օրենքներից և կանոնակարգերից որևէ մեկին», - Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պնդել է Փեզեշքիանը:
Իրանի և Իսրայելի միջև ուղիղ հակամարտության մտավախությունները սրվել են անցած շաբաթ Թեհրանում «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված պաղեստինյան խմբավորման առաջնորդը Իրանի մայրաքաղաքում մասնակցում էր նախագահ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը և «Համաս»-ը Հանիեյի մահվան համար մեղադրել են Իսրայելին սպառնալով պատասխան քայլեր ձեռնարկել։
comment.count (0)