azatutyun.am: Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան, ատոմակայանի շուրջ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը։
Ըստ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի՝ «հիմնական հրդեհը մարվել է» երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23:30-ին։
«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ հովացման աշտարակի ներքին կառույցները «լուրջ վնասներ են կրել»։ Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին էլ նշել է, որ Էներգոդարի և ամբողջ տարածաշրջանի համար «վտանգ չկա», ռադիացիոն ֆոնը «նորմայի սահմաններում է»։
Երեկ հաղորդվեց, որ խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիե ատոմակայանում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մոսկան ու Կիևը միմյանց էին մեղադրել հրդեհի համար։ Ռուսական կողմը հայտնել էր, թե հրդեհը բռնկվել է ուկրաինական կողմի ԱԹՍ հարվածից։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները մուտք են խնդրել հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար:
1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։
comment.count (0)