azatutyun.am: Դատարանը կալանքից ազատեց հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվեց, այս դեպքում էլ ընտրվեց վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողները մինչդեռ առաջարկում էին պահպանել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցները։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը երեք մեղադրյալի շահեր է ներկայացնում, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատարանի որոշումն իրենց բավարարում է։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով մեղադրանք էր առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում էր խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության։
Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։
Լուսանկարը՝ hetq.am-ի։
comment.count (0)