Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր |azatutyun.am|
17:00 - 20 օգոստոսի, 2024

Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողակող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա։

Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։

Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Մեկի տունն է ամբողջովին անցել Ադրբեջանին, մեկն առանց տնամերձի է մնացել, մյուսի դեպքում էլ՝ սահմանային փշալարը տան բակով է անցնում։

«Դե հիմա, պետական սահման ա, պիտի որ ավելի ապահով լինի, որովհետև ընդգծված սահման ա: Թշնամին էլ ա ստորագրել տակը, որ սա սահման ա պետական, մենք է», - ասաց կիրանցեցիներից մեկը՝ դրական պատասխան տալով «Ազատության» հարցին՝ «սա անվտանգության երաշխիք լրիվ տալի՞ս է». - «Իհարկե, վաղը-մյուս օրը որ խախտի, արդեն պատասխան ա տալու՝ սահմանը ինչի՞ համար ա խախտել: Սրանից առաջ ասում էր՝ անորոշ վիճակ ա, ո՞վ ա ասել սահման ա, իսկ սա արդեն ընդգծված սահման ա»: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ պետությունը փոխհատուցում տվե՞լ է արդյոք ճանապարհ դարձած տնամերձի համար:

«Վերջում ամենամոտիկը ես եմ մնալու ստեղ, հա, անպայման, մինչև կյանքիս վերջը», - հայտարարեց մյուսը: «Ազատության» հարցին՝ «Փաշինյանն ասում էր՝ եթե կուզեք, հրաժարվեք, ես ձեզ փոխհատուցում կտամ, Դուք չհրաժարվեցի՞ք», կիրանցեցին արձագանքեց. - «Մարդ իրա սրբությունից կհրաժարվի՞»:

Կիրանցի նորակառույց դպրոցում, որ պատից ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու, շինաշխատանքները գրեթե ավարտված են։ Շինարարները վստահեցնում են, թե սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի շահագործման. - «Ներսը էդքան բան չի մնացել, կհասցնենք, էլի, պրծնենք ոնց որ մինչև ամսվա վերջ: Դեռ մաքրություն ա ներսում կատարվում, որ մաքրությունից հետո արդեն բերելու են գույքերը»:

Կիրանցի գործող դպրոցը վթարային է, դեռ տարիներ առաջ էին տեղացիներն ասում, որ այստեղ դասեր կազմակերպելը վտանգավոր է։ Բայց նոր դպրոցն այսօր արդեն հայ - ադրբեջանական նոր սահմանին ամենամոտ շինությունն է, որտեղ սեպտեմբերից 41 աշակերտ դասի կգնա։ Սահմանազատման օրերին Կիրանցի բնակիչներն անհանգիստ էին՝ ինչպե՞ս իրենց երեխաներին սահմանի բերան դպրոց կուղարկեն։ Այսօր շատերը հրաժարվում էին հարցազրույցից, դեռ անորոշ են։ Հեռվից են հետևում՝ ինչպես են դպրոցի արտաքին պատերը դեղին ներկում, բակը կարգի բերում ու ներքին հարդարման աշխատանքներ անում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել