Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է
 |panorama.am|
12:01 - 21 օգոստոսի, 2024

Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է |panorama.am|

panorama.am: Հայաստանում  «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության է։ Ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Այս տարի հուլիս ամսվան   զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը։ Սա նշան էր, որ եթե փոխանցողի մեջ կա հարուցչի հայնաբերում, դա կարող է նաև բերել մարդկային դեպքերի գրանցման»,- ասաց նա։

Աթոյանը նշեց, որ օգոստոի 7-ին առաջին դեպքն է արձանագրվել. «Դիմեցինք կրկնահաստատման թեստերին, պատասխանը հաստատվելուց հետո  օգոստոսի 10-ին արդեն վստահ էինք, որ ունենք առաջին արձանագրումը, օգոստոսի 12-ին իրազեկել ենք բժշկական կենտրոններին, մարզպետարաններին»։
Նրա ներկայացմամբ, հիմնական երեք՝ Արագածոտն, Արմավիր ու Արարատ  մարզերից  կարող են լինել փոխանցողներ։ Մինչ այժմ միայն Արագածոտնի մարզում են գրանցվել դեպքեր։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:  

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել