Երերույքը, Հին Խնձորեսկը, Բերդկունք ամրոցը, Նորատուսի խաչքարերը կդառնան պատմամշակութային արգելոցներ
 |1lurer.am|
13:26 - 29 օգոստոսի, 2024

Երերույքը, Հին Խնձորեսկը, Բերդկունք ամրոցը, Նորատուսի խաչքարերը կդառնան պատմամշակութային արգելոցներ |1lurer.am|

1lurer.am: Առաջարկվում է ստեղծել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այս հուշարձանների տարածքներում, ըստ նախարարի, բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր: Որոշման արդյունքում կբարեկարգվեն տարածքները, կտեղադրվի տոմսային տնտեսություն, կգործի պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, կանցկացվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի, գիտաշխատողի ծառայություններ: Այս վայրերն արգելոց դարձնելու գործընթացը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի առաջացնի պետության համար:

«Պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես՝ արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը»,- ասաց նախարարը:

Նա նաև հիշեցրեց՝ 2018-ից առ այսօր ստեղծվել է 6 պատմամշակութային արգելոց՝ Բջնի ամրոցը, Սմբատաբերդը, Դաշտադեմ ամրոցը, մայրաքաղաք Դվինը, Աղձքը, Արտաշատ մայրաքաղաքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ պատմամշակութային այս հուշարձանները տասնամյակներով, որոշները՝ դարերով, ավերման են ենթակա եղել: Բայց կա ևս մեկ խնդիր. «Բա եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Մտածողության հայեցակարգային հարց է: Մեր պատմական և պետական արժեքները պե՞տք է եկամուտ բերեն պետությանն առնվազն այնտեղ, որտեղ կարող են դա անել, թե՞ չպետք է բերեն: Իմ գնահատականն է, և պետական ընկալումը պետք է լինի, որ, այո՛, պետք է բերեն եկամուտ»:

Վարչապետը նաև նկատեց՝ այս որոշմամբ 3 հարց է լուծվում: Նախ՝ այդ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորություն է ստեղծվում: Երկրորդ՝ այդ հուշարձանները կբերեն լրացուցիչ եկամուտներ, և երրորդ՝ կստեղծվի ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ, որովհետև հուշարձան տանող ճանապարհ չկա, դրանց մասին տեղեկատվություն չկա:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս համատեքստում ընդգծեց՝ պետք է ուշադրություն դարձնել նաև աշխարհիկ կառույցների ու հուշարձանների վրա՝ ամրոցներ, քարվանսարաներ, հյուրատներ. «Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր, այդ թվում՝ ինքնության համատեքստում, ուշադրության կենտրոնում եղել են և մնում եմ կրոնական բնույթի կառույցները, որոնք պակաս կարևոր չեն, բայց աչքաթող է արվել աշխարհիկը»:

Փաշինյանը նշեց, որ այս մասով ևս հանձնարարական տվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել