4 զոհ, 9 վիրավոր. 14-ամյա աշակերտը հրաձգություն է իրականացրել ԱՄՆ-ի դպրոցներից մեկում |armenpress.am|
09:44 - 05 սեպտեմբերի, 2024

4 զոհ, 9 վիրավոր. 14-ամյա աշակերտը հրաձգություն է իրականացրել ԱՄՆ-ի դպրոցներից մեկում |armenpress.am|

armenpress.am: 14-ամյա աշակերտը Ջորջիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է իրականացրել՝ սպանելով 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորելով ևս 9 հոգու։ Սա ԱՄՆ-ի ուսումնական հաստատությունում առաջին զանգվածային հրաձգությունն է ուսումնական տարվա սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Միջադեպը տեղի է ունեցել Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում։ 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյը, որը հրաձգությունն իրականացրել է կիսաավտոմատ հրացանով, ձերբակալվել է։ Նրան արագ վնասազերծել են դպրոցում գտնվող ոստիկանները։

Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրան կդատեն՝ որպես չափահասի։

Հրաձիգի գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։

Մեկ տարի առաջ իրավապահները հարցաքննել էին նրան, քանի որ նա համացանցում սպառնալիքներ էր հնչեցրել դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2023 թվականին հարցաքննել է 13-ամյա մի աշակերտի և նրա հորը։ Ավելի ուշ Ջորջիայի իշխանությունները հայտնել են, որ ՀԴԲ-ի հայտարարությունը վերաբերում է Քոլթ Գրեյին։ Ըստ ՀԴԲ-ի՝ հայրն այդ ժամանակ հայտնել էր, որ տանն ունի որսորդական հրացաններ, սակայն որդուն դրանք հասանելի չեն։ Իսկ որդին հերքել էր օնլայն սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքները։ Պատանուն ձերբակալելու հիմքեր չէին եղել, սակայն իրավապահները տեղի դպրոցներին հորդորել էին հետևել նրան։

Ուինդեր քաղաքի բնակիչները սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան հավաքվել են քաղաքի զբոսայգում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաձգությունից հետո հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ կոչ անելով հանրապետականներին համագործակցել դեմոկրատների հետ և ընդունել «զենքի անվտանգության հետ կապված խելամիտ օրենսդրություն»։

Նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ևս արձագանքել են՝ դատապարտելով տեղի ունեցածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել