azatutyun.am: Տելեգրամի (Telegram) համահիմնադիր Պավել Դուրովը առաջին հրապարակային հայտարարությունն է արել իր կալանավորումից հետո՝ ասելով, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։
Նա չի ընդունել, թե հավելվածում «անարխիա» է, ավելին՝ իր դեմ ներկայացված պնդումներն անվանել է «անակնկալ», իսկ իրավիճակն ինքնին՝ «զարմանալի», քանի որ, ինչպես ասվում է իր գրառման մեջ, Ֆրանսիայի իշխանությունները մուտք են ունեցել թեժ գիծ, որը նա օգնել է ստեղծել, և նրանք ցանկացած պահի կարող էին կապ հաստատել Տելեգրամի ԵՄ ներկայացուցչի հետ:
«Եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա հաստատված պրակտիկա է հենց այդ ծառայության դեմ դատական գործ հարուցելը»,- գրել է նա, - «Մենք ամեն օր հեռացնում ենք միլիոնավոր վնասակար գրառումներ և ալիքներ»:
Միլիարդատեր Դուրովը, որ ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն, օգոստոսի 24-ին ձերբակալվել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար։ Ֆրանսիայի դատախազությունը պնդում է, որ նա հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։ Ընդհանուր առմամբ ֆրանսիացի քննիչները Դուրովին 6 տարբեր հանցագործությունների մեջ են կասկածում։
Պավել Դուրովն ազատ արձակվեց 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի, նա նաև պարտավոր է շաբաթը երկու անգամ անձամբ ներկայանալ ոստիկանություն։
comment.count (0)