Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ընդլայնելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված` մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները։ Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության շրջանակներում։
Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում անվտանգության և արդար ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը: Բարձր ենք գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։
Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար։
Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր ծրագրերում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»,-նշված է ուղերձում:
comment.count (0)