civilnet.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի նախագահը հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։
«Լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լսել ենք պաշտոնյաների։ Պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։ Ինչ հնարավոր է եղել, արձանագրվել է, ինչը հնարավոր չի եղել, համապատասխան մարմիններին հնարավորություն է տալիս շարունակելու այնտեղ եղած փաստերի արձանագրման հիման վրա գործողություններ»,- ասել է նա։
Քոչարյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատերազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեկտեղելն էր։
2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։
comment.count (0)