Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում
20:05 - 09 սեպտեմբերի, 2024

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:

«Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում, և մենք պատրաստակամ ենք խորացնել այդ հարաբերությունները»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Լյուքսեմբուրգը Հայաստանի կողքին է եվրաինտեգրման ճանապարհին:

ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրության բազմաթիվ այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել