Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:
Հանդիպմանն անդրադառձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոյին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» - ընդգծել է նախարար Միրզոյանը։
Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։
comment.count (0)