armenpress.am: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, արտադրվում են զինատեսակներ:
Այս մասին ԱԺ նիստում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ: Այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորը վստահեցրեց՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության և անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը:
Ըստ նրա՝ 2 տարի առաջվա համեմատ ոլորտին մի քանի տասնյակ ավելի շատ ուշադրություն է դարձնում պետությունը, դա արտահայտվում է նաև այդ ոլորտին ֆինանսական ռեսուրսների ուղղությամբ: Ոլորտը վերջին ժամանակահատվածում շատ լուրջ թափ է ստացել, զարգանում է:
«Ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներ, շատ լավ մենեջերներ, շատ լավ ինժեներներ, հայրենանվեր ներդրողներ, որոնք իրենց հսկայական ռեսուրսներն ուղղում են այս ուղղությամբ՝ իհարկե նաև շահ ստանալու նպատակով: Ռազմարդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է»,-ասաց նա՝ հավելելով, որ ոլորտի վերաբերյալ քիչ են խոսում, բայց օր ու գիշեր աշխատում են այդ ուղղությամբ:
comment.count (0)