civilnet.am: Երեքշաբթի կեսօրին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին վերանայել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ որակելու որոշումը: Կոբախիձեի հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուքում։
Ըստ Կոբախիձեի, Բյուրոյի որոշումը, իրավական տեսանկյունից, հիմնված էր «ճշմարտության ամենաբարձր չափանիշի» վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» կարգավիճակը պետք է փոխվի «պետական շահերը [պահպանելու] և ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար»։
Կոբախիձեն հակակոռուպցիոն բյուրոյին առաջարկել է նաև չեղարկել ընտրական նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների վերաբերյալ իր որոշումները:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հայտարարել է, որ «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ վկայակոչելով Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը, ըստ որի՝ այն դասակարգվել է որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր»:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի»՝ սա առաջին դեպքն է նրանց մոտ 25 տարվա գործունեության պատմության մեջ, երբ նրանք որպես դիտորդ չեն մասնակցում վրացական ընտրություններին: Նրանք նշել են, որ այս բանաձևի հիմքում ընկած է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր» հռչակելու մասին որոշումը։
Սեպտեմբերի 24-ին Բյուրոն կազմակերպությանը և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին դասակարգեց որպես ավելի խիստ ֆինանսական վերահսկողության և քաղաքական խմբերի նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջների ենթակա: Որոշման մեջ նշվում է, որ նույն դասակարգմանն է արժանացել նաև վրացիների քվեները համախմբելու նպատակով հուլիսին ստեղծված «Քվեարկիր Եվրոպայի համար» խումբը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» երկուշաբթի հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը կասեցնելու իրենց միջնորդությունը՝ մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը: Նրանք հավելել են, որ այս որոշումը կասեցնելուց հրաժարվելը նշանակում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» փաստացի համարվում է քաղաքական կուսակցությանը հավասար կազմակերպություն, իսկ նրա գործադիր տնօրենը՝ քաղաքական կուսակցության ընտրական սուբյեկտին հավասար անձ։
««Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հրաժարվում է ճանաչել վերը նշված կարգավիճակը, որը մեզ պարտադրվել է բացարձակապես անօրինական կերպով։ Կցանկանայինք ևս մեկ անգամ շեշտել, որ ո՛չ կազմակերպությունը, ո՛չ նրա գործադիր տնօրենը չեն մասնակցում ընտրություններին։ Բացի այդ, մեր ներկայացուցիչներից ոչ մեկը չի հայտնվում քաղաքական կուսակցությունների ցուցակներում։ Ուստի մենք հրաժարվում ենք կատարել «Վրացական երազանքի» հակակոռուպցիոն բյուրոյի կողմից սահմանված պահանջները»։
Բյուրոյի որոշման համաձայն՝ կազմակերպությունը «ենթարկվում է քաղաքական կուսակցությունների համար սահմանված կանոնակարգերին, նաև՝ հատուկ ընտրական հիմնադրամ ստեղծելու պարտավորությանը, արևմտյան ցանկացած ֆինանսավորում ստանալու և ծախսելու արգելքին և պարտադիր ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պահանջին»։
Սեպտեմբերի 24-ին ճեպազրույցում Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին ասել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» և «Քվեարկիր Եվրոպայի համար» խմբի ղեկավարները Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել կատարել եվրոպական ընտրություն, և որ իրենց տեղեկատվական արշավների և հանրային հանդիպումների ժամանակ նրանք հանդես են եկել հակակառավարական և զրպարտչական հայտարարություններով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)