Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը |factor.am|
13:30 - 03 հոկտեմբերի, 2024

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը |factor.am|

factor.am: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։

«Այսօր, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ես ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Խորհրդանշական է, որ հեռացող նախագահը հրաժարվում է ստորագրել այն օրենքը, որը պաշտպանում է մարդու համար ամենաթանկը՝ ընտանիքն ու երեխաները։ Այս մերժումից պարզ երևում է, թե որտեղ է կանգնած Սալոմե Զուրաբիշվիլին և որտեղ են կանգնած նրա քողարկված ընդդիմադիրները, որոնք նույնիսկ համարձակություն չեն ունեցել բացահայտ արտահայտել իրենց կարծիքն այս օրենքի վերաբերյալ, որոնք ամոթալի կերպով փախել են դահլիճից քվեարկության ժամանակ»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ իր ստորագրած օրենքը չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է ողջախոհության, պատմական փորձի և դարավոր քրիստոնեական, վրացական և եվրոպական արժեքների վրա։ «Ես լավ հասկանում եմ,  որ այս օրենքի ստորագրումը կհարուցի որոշ օտարերկրյա գործընկերների քննադատությունը, բայց վրացիները երբեք չեն վախեցել ուրիշների գնահատականներից»,- նշել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չէր ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

Նախագահը չէր օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել