ԱՄՆ-ն առանց Ուկրաինայի չի բանակցի Ռուսաստանի հետ. Հարիս |azatutyun.am|
10:27 - 08 հոկտեմբերի, 2024

ԱՄՆ-ն առանց Ուկրաինայի չի բանակցի Ռուսաստանի հետ. Հարիս |azatutyun.am|

azatutyun.am: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարում է՝ նախագահ ընտրվելու դեպքում առանց Կիևի, Մոսկվայի հետ չի բանակցի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ուղիները գտնելու համար։

Նախագահի դեմոկրատական թեկնածուն այս մասին ասել է երկուշաբթի օրը՝ CBS հեռուստաալիքի "60 минут”-ին տված հարցազրույցի ժամանակ։

Առանց Ուկրաինայի մասնակցության երկկողմ բանակցություններ չեն լինի, ընդգծել է Հարիսը՝ շարունակելով․ - «Ուկրաինան պետք է խոսքի իրավունք ունենա իր ապագան որոշելու հարցում»։

Հարիսը խուսափել է պատասխանել հարցին, թե աջակցո՞ւմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Այս հարցերը մենք կլուծենք, երբ պահը գա։ Այժմ մենք ուժեղացնում ենք Ուկրաինայի կարողությունները՝ պաշտպանվելու ռուսական չհրահրված ագրեսիայից», - ասել է նախագահի թեկնածուն։

Քննադատելով ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե« կարող է պատերազմը մեկ օրում դադարեցնել»՝ Հարիսն ասել է․ - «Դա նշանակում է հանձնվել»։

Քամալա Հարիսը հիշեցրել է, որ վեց անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ վստահեցնելով նրան, որ իր աջակցությունն ուկրաինացի ժողովրդին անսասան է։ «Ես կաշխատեմ օգնել Ուկրաինային այս պատերազմում, որպեսզի նա հասնի իր անվտանգությանն ու բարգավաճմանը»:

Քամալա Հարիսի հետ բանավեճի ժամանակ Թրամփը կրկնել էր իր պնդումը, որ ընտրվելու դեպքում կկարգավորի հակամարտությունը նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը՝ նշելով, որ չի կարող բացահայտել իր այդ ծրագրերը, քանի որ դրանք անհաջողության կմատնվեն: Կրեմլն էլ, արձագանքելով Թրամփին, նշել էր՝ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել մեկ հեռախոսազանգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել