Կառավարությունն ԱԺ է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը |azatutyun.am|
12:49 - 08 հոկտեմբերի, 2024

Կառավարությունն ԱԺ է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկելԱդրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը՝ ներպետական վավերացման։

Օրենքի նախագիծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ է նշանակվելՍահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նա էլ կլինի հիմնական զեկուցողը։

Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը այն ստորագրել են օգոստոսի 30-ին:

Ազգային ժողովը տեղեկանքում նշում է, որ Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը: Սակայն, 2024-ի օգոստոսի 31-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Ընդդիմադիր պատգամավորներն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են Ազգային ժողովում դեմ քվեարկել նախագծին։ Ասում են՝ կողմ են սահմանազատմանը, սակայն ո՛չ այս կանոնակարգով: Մասնավորապես, քննադատում են, որ փաստաթղթում որևէ թվականի քարտեզ չի ամրագրվել, կարծում են՝ դա Ադրբեջանի կողմից կամայականությունների տեղիք կարող է տալ:

Իշխանության ձայները բավարար են առանց ընդդիմության կանոնակարգը վավերացնելու համար։

Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։ Կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել