armenpress.am: Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։ Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)՝ շեշտելով, որ հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման զինամթերքի ստորգետնյա պահեստը:
«Մինչև հարվածը բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց պատճառվող վնասը, այդ թվում՝ տվյալ շրջանի բնակչությանը նախապես զգուշացումներ տալով», - գրված է ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է նաև, որ հարվածը հասցվել է իսրայելական հետախուզության ստույգ տվյալների հիման վրա։
Լիբանանյան կողմը տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդել։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ականատեսները երկու պայթյուն են լսել և երկու տարբեր թաղամասերից բարձրացող ծուխ տեսել։ Ըստ հրապարակման՝ հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Իսրայելը միայն մեկ շենքի բնակիչների է տարհանման հրահանգ տվել։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Լիբանանում ցամաքային գործողություն սկսելուց ի վեր Իսրայելը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի ավելի քան մեկ քառորդի բնակչությանը։
Բեյրութում մի քանի օր իրավիճակը հանդարտ էր, վերջին հարվածը քաղաքին հասցվել էր հոկտեմբերի 10-ին, երբ զոհվել էր 22 մարդ, փլուզվել էր մի քանի շենք խիտ բնակեցված թաղամասերում։
Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավի սահմանային շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտների դեմ:
Իր հերթին «Հեզբոլլահ»-ն ամեն օր հրթիռներ է արձակում Իսրայելի վրա։
comment.count (0)