Ընդդիմությունն ընտրություններից հետո սահմանադրական հեղաշրջnւմ է ծրագրում. Վրաստանի խորհրդարանի նախագահ |tert.am|
10:59 - 17 հոկտեմբերի, 2024

Ընդդիմությունն ընտրություններից հետո սահմանադրական հեղաշրջnւմ է ծրագրում. Վրաստանի խորհրդարանի նախագահ |tert.am|

tert.am: Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սահմանադրական հեղաշրջման սցենար են պատրաստել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Նման սցենարի բոլոր նախանշանները կան՝ նախապես պատրաստված տեխնիկական կառավարություն, տեղական դիտորդներ, որոնք իրականում հետապնդում են ընտրությունների քաղաքական նպատակներ, և ընտրությունների վերաբերյալ նրանց նախապես պատրաստված կեղծ եզրակացությունները։ Մենք տեսնում ենք սահմանադրական հեղաշրջման նախապես հայտարարված սցենար և տեսնում ենք, որ հոկտեմբերի վերջին երկու շաբաթներն այս առումով ակտիվ կլինեն»,- ասել է Պապուաշվիլին Աջարիայի հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում։

Պապուաշվիլին նաև մեկնաբանել է տեխնիկական կառավարության գաղափարը, որն ընդդիմությանն առաջարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ըստ նախագահի, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր կուսակցությունները, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրն է լինելու բարեփոխումներ իրականացնել։ 2025 թվականին նախագահի առաջարկած կանոնադրության համաձայն, որը ստորագրել են ընդդիմության առաջնորդները, կանցկացվեն կրկնակի ընտրություններ։

«Սա կասկածներ է առաջացնում, որ ծրագրված է չճանաչել ընտրությունները, ապա այլընտրանքային իշխանության ներդնել: Սա այն է, ինչ հիշում ենք 90-ականներից, երբ ստեղծվեցին ռազմական խորհուրդները, այն է, ինչ տեսնում ենք «բանանային հանրապետություններում», երբ խունտան է գալիս իշխանության: Ըստ երևույթին, ինչ-որ մեկը դրսից մեզ նայում է որպես «բանանային հանրապետություն...»- նշել է Պապուաշվիլին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել