azatutyun.am: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։
Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Քննարկմանը ներկա են նաև խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
Նախքան նիստի մեկնարկը, Գրիգորյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի կանոնակարգը։
«Ես կարծում եմ սինխրոն էլ ընթանում է գործընթացը, ուղղակի չգիտեմ՝ որ փուլում է Ադրբեջանի Հանրապետությունում գործընթացը, բայց ստորագրման պահին և ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։
Արդեն քննարկմանը փոխվարչապետը պարզաբանեց՝ կանոնակարգերի վավերացումներից հետո կողմերի միջև պետք է ծանուցումների փոխանակում տեղի ունենա, եթե դա չլինի գործընթացը ավարտված չի համարվի, այսինքն՝ ամբողջությամբ վավերացված։
Գրիգորյանը նաև ասաց՝ որևէ սկզբունք չկա, թե ոնց են շարունակվելու սահմանազատման հաջորդ փուլերը։
Օգոստոսի 30-ին ստորագրված սահմանազատման կանոնակարգը Կառավարությունը խորհրդարան է ուղարկել սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանն այն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել:
Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի առաջիկա նստաշրջանի օրակարգ։
Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները կանոնակարգի տեքստը հրապարակվելու պահից այն խնդրահարույց են համարում, դրանով նոր զիջումների վտանգ տեսնում։
«Ազատություն»-ը, նախքան նիստի մեկնարկը, նաև հետաքրքրվեց փոխվարչապետից, թե ինչո՞ւ չի շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովների նիստերը, Գրիգորյանը պատասխանեց․ - «Ըստ էության, գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև էդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»։
comment.count (0)