Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարդ կոորդինատներ ունի, որովհետև թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը տարբեր պատկերացումներ ունի ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նախ շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով ինստիտուտի գործունեությունը և նրա անկախությունը։
«Ընդգծեմ նաև, որ շատ բարդ կոորդինատներ ունի ինստիտուտը, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն՝ իր պատկերացումները, որոնք նույնպես ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Հանրությունն իր հերթին ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն արձանագրեց, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որովհետև երբեմն իշխանությունն աշխատանքի ընթացքում կարող է շատ նրբություններ չնկատել, կարևորություն չտալ։
«Իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինականության մասին․ հարցեր, որոնք մեր կառավարության առաջնային օրակարգի տիրույթում են, Հարցեր, որոնք առաջ բերելով, մենք հաղթել են ընտրություններում երկու անգամ։ Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչպես են տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը»,-նշեց Փաշինյանը։
Այս առումով վարչապետը կարևորեց Հայաստանում իրավունքի և արդարության ստանդարտ ունենալը։
«Իրավունքի և արդարության ստանդարտը շատ կարևոր մի գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել։ Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, իրավունքի ստանդարտ պետք է ունենանք, որպեսզի այդ թվում օրինականությունը չօգտագործվի մարդկանց իրավունքներից զրկելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։
Համաժողովին ելույթ ունեցան նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որից հետո ցուցադրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված տեսանյութ։
«Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում․ դիմակայունություն և մարտահրավերներ» թեմայով համաժողովի նպատակն է հարթակ հանդիսանալ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ազգային հաստատությունների մանդատին և դերին ճգնաժամային իրավիճակներում։
Համաժողովի ընթացքում ընդգծվեց մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը։ Համաժողովը նաև ամփոփեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 20 տարիների առանցքային ձեռքբերումները։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)