armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «խորապես մտահոգված է» գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առնչությամբ, որոնք ներառում էին Իրանի վրա հարձակման Իսրայելի ծրագրերի շուրջ ԱՄՆ-ի դիտարկումները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Հոկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում Քիրբին հայտնել է, որ Վաշինգտոնը լիովին վստահ չէ՝ ինչպես են այդ փաստաթղթերը հանրայնացվել, արդյոք դա եղել է արտահոսք թե հաքերային հարձակում։ Նա անընդունելի է համարել, որ նման բան է տեղի ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահը «խորապես մտահոգված է այդ հարցով», և որ ԱՄՆ-ն «ակտիվորեն հետևում է հետախուզական ջանքերի առաջընթացին»՝ պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Վաշինգտոնը նաև մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն իր հերթին հաստատել էր փաստաթղթերի արտահոսքը։
Ըստ հրապարակումների՝ դրանք պարունակում են իսրայելական ռազմական տեխնիկայի տեղաշարժերը, որոնք իրականացվել են՝ նախապատրաստելով հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակմանն արձագանքը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հետ մղել իսրայելական ցանկացած հարձակում։
Ըստ CBS News-ի՝ փաստաթղթերը, որոնք նշված էին որպես «հույժ գաղտնի», տարածվել են «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքի շրջանում, որի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան։
Ըստ տարբեր հրապարակումների՝ արտահոսած երկու փաստաթղթերն, ըստ երևույթին, վերագրվում են ԱՄՆ Ազգային երկրատարածական հետախուզության գործակալությանը և Ազգային անվտանգության գործակալությանը։ Դրանք հրապարակվել են հոկտեմբերի 18-ին Իրանի հետ կապված Telegram ալիքում։
Ըստ BBC-ի՝ փաստաթղթերից մեկում նշվում են Իսրայելի միջուկային կարողությունները, որոնք ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը երբեք պաշտոնապես չեն ընդունել. ըստ երևույթին, փաստաթղթում բացառվում է նման տարբերակի օգտագործումը ցանկացած ծրագրված հարվածի ժամանակ:
Reuters-ի փոխանցմամբ՝ փաստաթղթերից մեկի վերնագիրն է․ «Իսրայել. ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանին հարվածելու նախապատրաստական աշխատանքները և խոշոր ուժերի ներգրավմամբ երկրորդ զորավարժություններ են անցկացնում»: Դրանում ներկայացված է աշխատանքը բալիստիկ և «օդ-ցամաք» տեսակի հրթիռների հետ։
Երկրորդ փաստաթուղթը վերնագրված է այսպես. «Իսրայել. Պաշտպանության ուժերը շարունակում են հիմնական ռազմամթերքի նախապատրաստումը և ԱԹՍ-ների գաղտնի գործունեությունը՝ գրեթե վստահաբար Իրանին հարվածելու համար»։ Այնտեղ քննարկվում են Իսրայելի անօդաչու թռչող սարքերի տեղաշարժերը։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային ղեկավարների սպանությունների: Թեհրանում հայտարարել են, որ հրթիռների 90 %-ը հաջողությամբ խոցել են նշված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է շուրջ 180 հրթիռ, և դրանց մեծ մասը կալանվել է: Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը:
comment.count (0)