ՔՊ-ն գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, բայց անձնական շահերը գերակա են. ՀՀ-ի դիմադրողականությունն է մաշեցվում. Աբրահամյան
 |news.am|
18:05 - 22 հոկտեմբերի, 2024

ՔՊ-ն գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, բայց անձնական շահերը գերակա են. ՀՀ-ի դիմադրողականությունն է մաշեցվում. Աբրահամյան |news.am|

news.am: Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից։

 

Ըստ նրա, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային, ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն են:

 

«Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի, որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել: Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր, ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

 

Նրա խոսքով, ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը խնդիրներ առաջացրել:

«Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝ իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար, օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը:

Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ: Այս իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և, ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով:

Իսկ Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում իշխանությունը բացառապես հեզ է, անտրտունջ, սիրալիր, և վերջը չերևացող զիջողական ու դա այն դեպքում, որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք և խարխլված պայմանավորվածություններ:

Վստահ եմ, որ իշխանության ներսում էլ այս պարզ ճշմարտությունները գիտակցողներ ու մտահոգվողներ կան և իշխանության վերնախավն էլ գիտի, որ սա լավ տեղ չի տանելու, սակայն անձնական կամ նեղ խմբային շահերը գերակա են հռչակվել և պետության հաշվին Հայաստանի դիմադրողականությունն է մաշեցվում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել