Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են կառավարել ռիսկերը. Փաշինյան |armenpress.am|
18:37 - 23 հոկտեմբերի, 2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են կառավարել ռիսկերը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում տեսնում է ռիսկեր, սակայն գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի է համարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ–կառավարությունը հարցուպատասխանին՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: 

Փաշինյանը շեշտեց՝ կյանքում գոյություն չունի այնպիսի բան, որ ռիսկ չունի իր մեջ:

«Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը՝ այդ ռիսկերով հանդերձ, համարում դրական. որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հարցն այն է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել: «Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել»,–հավելեց վարչապետը:

Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ օկուպացված է, սակայն ՀՀ–ն դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում:  «Մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու»,–շեշտեց նա: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել