Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 22 մարդ
 |factor.am|
12:18 - 24 հոկտեմբերի, 2024

Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 22 մարդ |factor.am|

factor.am: Անկարայի Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ) ռազմարդյունաբերության ձեռնարկությունում ահաբեկչության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ երկու հարձակվողները սպանվել են։ «TUSAŞ-ի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով չեզոքացվել է երկու ահաբեկիչ։ Ցավոք, հարձակման հետևանքով ունենք 5 զոհ և 22 վիրավոր։ Վիրավորներից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, նրանցից 19-ը բուժվում են»,- ասել է թուրք պաշտոնյան։

Երլիքայան նաև հայտարարել է, որ հանցագործները, «մեծ հավանականությամբ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ են»: «Գործելաոճը ցույց է տալիս, որ մեծ հավանականություն կա, որ հարձակումն իրականացրել է PKK-ն: Երբ նույնականացումն ավարտվի, և ապացույցներն ավելի պարզ դառնան, մենք ձեզ հետ ավելի կոնկրետ տեղեկատվություն կկիսվենք»,- նշել է նա։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հարձակման համար մեղադրել է PKK-ին։ «Մենք ամեն անգամ պատժում ենք PKK-ի սրիկաներին, բայց նրանք երբեք չեն սովորում: Ինչպես միշտ ասում եմ՝ մենք չենք դադարի գնալ նրանց հետևից, մինչև վերջին ահաբեկիչը չվերացվի»,- ասել է Գյուլերը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել