2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը
13:49 - 29 հոկտեմբերի, 2024

2025-ին հաստատման կներկայացվի «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ իրականում կապիտալ ծախսերի նվազում տեղի չի ունենալու, քանի որ 2024 թվականի համար նախատեսված գումարները հավանաբար  ամբողջությամբ չեն ծախսվելու:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գալիք տարվա համար նախատեսված ծրագրերն ու անելիքները` նշելով, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ-ին հատկացվող գումարները: Կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներն ուղղվելու են մի քանի խոշոր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` հանրապետությունում շարունակվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումը: Այժմ ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը և վերանորոգումը: Դրանցից 183-ը նոր կառուցվելիք դպրոցներ են: Արդեն աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցում:

«500 մանկապարտեզների ծրագրով բոլորովին վերջերս Կառավարությունը հաստատեց ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցից 157-ում արդեն աշխատանքներն ավարտվել են: 14.500 երեխաների մասին ենք խոսում, որոնք արդեն  նոր պայմաններում նախադպրոցական հաստատություն են հաճախում: 207-ը դեռևս ընթացքում են, որոնց շահառու երեխաների թիվը շուրջ 20.800 է: Առաջիկայում նույնպես այստեղ աշխատանքները կավարտվեն, ինչպես ծրագրված է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հայտնել է, որ կան բնակավայրեր, որոնցում դեռևս չկան նախադպրոցական ծառայություններ մատուցող հաստատություններ: Այդ բնակավայրերը քարտեզագրվել և դասակարգվել  են, իրականացվում են որոշակի քայլեր` լուծելու համար այդ խնդիրը: «Կարևոր եմ համարում ընդգծել, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները հագեցվում են անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա հավելել է, որ հանրապետության դպրոցները հագեցվում են նաև ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով:

Նախարարը տեղեկություններ է հայտնել նաև «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային  ծրագիր է նախատեսված:  Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի»  հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ  2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի և տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով:

Հիմնական զեկուցողը մանրամասներ է ներկայացրել գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման, կրթամշակութային ծրագրերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի տպագրությանը, ներառական կրթությանը, ուսումնական հաստատություններում սեռական ոտնձգության դեպքերին, երեխաների հոգևոր կրթությանը, «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը, թանգարաններ այցելություններին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինությանը, փակված դպրոցներին և տվել պարզաբանումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել