Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը
18:09 - 31 հոկտեմբերի, 2024

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը:
 
Կարեն Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող մեծածավալ հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև ՏՀԶԿ շրջանակներում Արդարադատության նախարարության համակարգման ներքո գտնվող ուղղությունները:
 
ՏՀԶԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդակենտրոն արդարադատության մատչելիության և արդարադատության համակարգերի ընդլայնման վերաբերյալ ՏՀԶԿ հայեցակարգը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների արդյունքում բռնագանձված գույքի կառավարման կառուցակարգերը:
 
Կողմերը հաստատել են, որ օրենքի գերակայությունը և արդարադատության մատչելիությունը կարևոր դեր են խաղում վստահության վերականգնման, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ապահովման և համապարփակ վերականգնմանն աջակցելու գործում:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկելու նշյալ երկու ուղղություններով աշխատանքների ընդլայնման հետագա նպատակահարմարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել