ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը քննարկվել է միջազգային գործընկերների հետ
19:50 - 24 հունիսի, 2025

ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը քննարկվել է միջազգային գործընկերների հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, ինչպես նաև դրանում Արդարադատության նախարարության դերը՝ անդրադարձ կատարելով 2025թ․ փետրվարի 11-ին և ապրիլի 8-ին ՀՀ այց կատարած ԵՄ փորձագիտական առաքելությունների հետ հանդիպումներին:
 
Վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում Պավել Բուսիակիևիչն առանձնացրել է առանցքային բարեփոխումների ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը, արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված քաղաքականություններին։
 
Աննա Կարապետյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքին, խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ նոր ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին, ինչպես նաև ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների և քաղաքականության զարգացման տեսլականը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սերտ համագործակցության՝ վիզաների ազատականացման գործընթացի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել