Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր
18:19 - 01 նոյեմբերի, 2024

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր

Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:
 
Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:
 
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
 
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
 
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
 
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել