factor.am: Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է մտածի այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը «լավ» է, այլ պետք է մտածի, թե ինչպես դա կազդի առաջնահերթությունների վրա:
«Կարծում եմ, որ մեր դերն այստեղ՝ Եվրամիությունում, Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկնաբանելը չէ, որպեսզի տեսնենք՝ դա լավ է, թե՞ ոչ։ Նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից, և նա պաշտպանելու է ամերիկացիների շահերը։ Դա օրինական է և լավ։ Հարցն այն է՝ մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը։ Սա միակ հարցն է, որին պետք է պատասխանենք»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է՝ դա պատմության մեջ վճռորոշ ժամանահաշրջան է եվրոպացիների համար։
«Մենք ուզում ենք կարդալ ուրիշների՞ գրած պատմությունը, Վլադիմիր Պուտինի կողմից սկսված պատերազմները, ամերիկյան ընտրությունները, չինացիների ընտրությունը տեխնոլոգիայի կամ առևտրի առումով, թե՞ մենք ուզում ենք մեր սեփական պատմությունը գրել։ Կարծում եմ՝ մենք դա գրելու ուժ ունենք։ Ինձ համար սա այն պահն է, երբ մենք որոշում ենք գործել, պաշտպանել մեր ազգային և եվրոպական շահերը, միաժամանակ, հավատալ մեր ինքնիշխանությանը և ռազմավարական ինքնավարությանը։ Մենք ցանկանում ենք լիովին ըմբռնել մեր հողի վրա խաղաղության, մեր բարգավաճման և մեր ժողովրդավարական մոդելի խնդիրը»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։
comment.count (0)