ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը նոյեմբերի 11-ին Շվեդիայում հանդիպում է ունեցել «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը միջազգային մարտահրավերների բարձրաձայնման և դրանց հասցեագրման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարներին:
Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Ակադեմիայի դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով դրա ներգրավվածության կարևորությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում:
comment.count (0)