Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը մտադիր է Մարկո Ռուբիոյին նշանակել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար |azatutyun.am|
11:35 - 12 նոյեմբերի, 2024

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը մտադիր է Մարկո Ռուբիոյին նշանակել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, երկուշաբթի երեկոյան հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։

Կուբացի ներգաղթյալների որդին՝ 53-ամյա Մարկո Ռուբիոն, ԱՄՆ արտաքին քաղաքականության վառ կողմնակիցներից մեկն է։ Նա հայտնի է ավտորիտար ռեժիմների, մասնավորապես, չինական, իրանական, կուբայական վարչակարգերի հանդեպ խիստ քննադատությամբ։

Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում Ռուբիոն այն օրինագծի նախաձեռնողներից մեկն էր, որն ավելի բարդացրեց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթացը։

Ռուբիոն նաև մեկն էր այն 15 հանրապետական սենատորներից, ովքեր այս տարվա ապրիլին դեմ քվեարկեցին Ուկրաինային 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Իր վերջին հարցազրույցներում նա նշել է, որ Ուկրաինան պետք է աշխատի Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու ուղղությամբ, նույնիսկ եթե դա չբերի Ռուսաստանի կողմից օկուպացված ողջ տարածքների վերադարձին։

The New York Times-ի աղբյուրներն ընդգծում են, որ Մարկո Ռուբիոյի նշանակման վերաբերյալ որոշումը կարող է փոփոխվել վերջին պահին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը մտադիր է Ֆլորիդայից ընտրված Կոնգրեսի անդամ Մայքլ Ուոլցին նշանակել իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում։ Թրամփը նաև նախատեսում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում նշանակել Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Էլիս Ստեֆանիկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել