tert.am: Գիտեք, թե ինչու ես այսօր COP29-ին չեմ, շատ պարզ պատճառով՝ իմ և շատ այլ էկո ակտիվիստների ու նրանց օրակարգերը շատ տարբեր են: Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովի ժամանակ ասաց էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը:
«Ադրբեջանը շատ ռեպրեսիվ երկիր է, որը վառելիք հանածոների արտադրություն է ուզում ստեղծել, և նաև պատասխանատու է էթնիկ զտման համար: Պարզապես զզվանք է առաջացնում այդ երկերեսանիությունն ու կեղծավորությունը, որ կլիմային նվիրված կոնֆերանսը տեղի է ունենում այդ երկրում:
Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այդ սարսափելի հանցագործությունները կատարել ու չպատժվել, այլև նրանց համար դռներ են բացվում ամբողջ աշխարհում, նրանց խոսք է տրվում՝ օրինականացնելով մարդու իրավունքների այս սարսափելի խախտումներն ու էթնիկ զտումները:
Աշխարհը լուռ է և տալիս է Ադրբեջանին այդ հնարավորությունը: Այսօր կլիմային ուղղված կոնֆերանսն իրականացվում է մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի, ճնշում է իր իսկ բնակչությանը:
Ադրբեջանցի ակտիվիստներից շատերն են ասում, որ կարծես բանտում են ապրում: Մինչ մենք խոսում ենք սրա մասին, քաղհասարակության վրա ճնշումներ են գործադրվում: Այն շարունակաբար դժվարություններն ու տառապանքը, որի միջով անցել ու անցնում են հայերը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, բռնի տեղահանումները, գերիները, ֆիզիկական ու հոգեբանական վայրագությունները, անհանդուրժելի են: Այն փաստը, որ աշխարհը շարունակաբար մնում է լուռ, թույլ է տալիս, որ Ադրբեջանն իրականացնի այս հանցագործությունները, ևս անընդունելի են»,- ասել է նա:
Թունբերգը նշել է, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում վառելիքային հանածոների գործոնն է:
«Մենք չենք կարող ընտրել, թե մարդու որ իրավունքներն ենք ուզում պաշտպանել, քանի-որ, երբ խոսում ենք արդարության մասին, դա պետք է նշանակի արդարություն բոլորի համար»,- ասել է նա:
comment.count (0)