Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին
 |factor.am|
12:56 - 19 նոյեմբերի, 2024

Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցին, որտեղ արդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն սերտորեն համագործակցել է Խորհրդատվական կոմիտեի հետ մոնիթորինգի հինգերորդ շրջանի ընթացքում: «Զեկույցում պարունակվող որոշ դատողությունների անհիմն լինելը և երկրում տիրող իրողությունների ոչ ճշգրիտ արտացոլումը լուրջ հարցադրումներ են առաջացնում կոմիտեի որդեգրած մոտեցման վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Բաքուն նաև դժգոհություն է հայտնել զեկույցում Լեռնային Ղարաբաղին անդրադարձի համար՝ նշելով, թե այն, իբր, դուրս է մոնիթորինգի հինգերորդ փուլում ընդգրկված ժամանակահատվածից։

«Խորհրդատվական կոմիտեն դուրս է գալիս իրեն տրված մանդատից՝ գնահատելու կոնվենցիայի կատարումը որոշակի ժամանակահատվածում։ Ափսոսանք է առաջացնում, որ հանձնաժողովն ընտրել է այլ ճանապարհ՝ միակողմանիորեն դուրս գալով հատկացված ժամկետից՝ դրանով իսկ դրսևորելով քաղաքական մոտիվացված և կողմնակալ մոտեցում։ Խորհրդատվական կոմիտեի ընտրովի մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա և անտեսում մյուսներին, ինչպես նաև անհայտ աղբյուրներից տեղեկատվության չափից ավելի օգտագործումը՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, ավելի է վկայում նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը։ Կոմիտեի իրավասությունից և մանդատից դուրս հարցերի վերաբերյալ բազմաթիվ կեղծ հայտարարություններ, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունները և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքից էապես տարբերվող գնահատականներն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել