Ուկրաինան երեքշաբթի՝ պատերազմի 1000-րդ օրը ATACMS հրթիռներ է օգտագործել՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրի և ԱՄՆ անանուն պաշտոնյայի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար:
Պաշտոնական Վաշինգտոնը չի հաստատել այս տեղեկությունը, սակայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, չբացահայտելով իր աղբյուրներին, երեկ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին:
Խոսքը ATACMS հրթիռների մասին է: Սրանք Վաշինգտոնի կողմից ամենաերկար հեռահարության հրթիռներն են Ռուսաստանի ներսում նման հարձակումների համար:
Ռուսական կողմը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն խոցել է Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի վրա արձակված վեց հրթիռներից հինգը: Մեկի բեկորները հարվածել են օբյետին՝ հրդեհ առաջացնելով: Այն արագ մարվել է: Ավեչածություններ չեն եղել, զոհեր ևս չկան:
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ հարվածել է ռուսական զենքի պահեստին մոտ 110 կմ Ռուսաստանի ներսում, հարձակում, որն առաջացրել է երկրորդական պայթյուններ: Ուկրաինայի զինված ուժերը հրապարակայնորեն չեն նշել, թե ինչ զենքեր են օգտագործվել, սակայն ուկրաինական կառավարության աղբյուրը և ամերիկացի պաշտոնյան հաստատել են, որ այն օգտագործել է ATACMS:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Ռուսաստանը խոցել է արձակված ութ հրթիռներից երկուսը, և հարվածը եղել է զինամթերքի մատակարարման կետին:
comment.count (0)