Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
16:32 - 20 նոյեմբերի, 2024

Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

Քրեական ոստիկանները Շիրակի մարզում տարբեր օրերի և տարբեր հասցեներումյ հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր: 

«Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են:

Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելել են Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողության 439 լցված շիշ,  օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ  երկու տարա` լցված սպիրտի հոտով հեղուկով:

Երիտասարդներն ընդունել են, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում են խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ:

Նույն օրը նմանատիպ մեկ այլ տեղեկության հետքով քրեական հետախույզները մեկնեցին Գյումրու Օստրովսկու փողոց: Այստեղ էլ հայտնաբերվել են օղու և կոնյակի տարբեր մակնշումներով լցված շշեր, նաև մեծ քանակությամբ օղու և կոնյակի դատարկ շշեր:

Այս դեպքում ևս տանտերն ընդունել է մեղքը:

Շիրակի քրեական ոստիկանների նմանատիպ հաջորդ միջոցառումը նոյեմբերի 18-ին էր: Առավոտյան մեկնելով Գյումրու Ղորղանյան փողոցի տներից մեկը` իրավապահները հայտնաբերեցին շշալցված տարատեսակ կեղծ օղիներ, խցաններ ու դատարկ շշեր, նաև տարբեր քանակությամբ կոնյակ, օղի և օղու սպիրտ:

Այս դեպքում ևս տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվել է ալկոհոլային կեղծ խմիչքների պատրաստմամբ, շշալցմամբ, ակցիզավորմամբ ու վաճառքով»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: 

Հանգամանքները պարզվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել