Էլեկտրոնային ընթացակարգ՝ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար
13:26 - 28 նոյեմբերի, 2024

Էլեկտրոնային ընթացակարգ՝ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:

««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 28-ին հրավիրված նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը։

Հիմնական զեկուցողի խոսքով հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը եւ այլն՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն:

Օրենսդրական փաթեթով հնարավորություն է ընձեռվում նաեւ քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով: Դիմումատուն կկարողանա մինչեւ դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը:

Փոխնախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաեւ վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման եւ դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին: Հարցումները ստացվելու են ու դրանց պատասխանները տրվելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն եւ թողունակության բարձրացմանը:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը եւ սահմանել համապատասխանաբար 50,000 եւ 150,000 դրամ համապատասխանաբար 1000 եւ 25,000 դրամի փոխարեն: Գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում որեւէ վերանայման չեն ենթարկվել: Վերոնշյալ պետական տուրքից ազատված կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ դրանով կհեշտացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին , ինչպես նաեւ ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել