1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումներում լրացում կատարելու մասին հարցին:
Հիշեցնենք՝ 2022 թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
2024 թ. մայիսի 6-ին նախարար Սիյարտոյի հրավերով կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխան այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հունգարիայում ՀՀ դեսպանության բացումը, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը՝ նոր լիցք հաղորդելով տարբեր ոլորտում համագործակցությանը։
Ինչպես նշված է Կառավարության որոշման հիմնավորման մեջ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի մասը՝ նախագծով առաջարկվում է Հունգարիայում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն, նստավայրը՝ Բուդապեշտում:
comment.count (0)