Ռումինիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությունը տեղի է ունենում վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց, որտեղ առաջատար էր պոպուլիստ թեկնածու Կալին Ջորջեսկուն հավաքած ձայների 23%-ով:
Ընտրություններին մասնակցում են, ընդհանուր առմամբ, 50 դաշինք ու կուսակցություններ: Պատգամավորների և սենատորների պաշտոնների համար հավակնում է մոտ 10 հազար թեկնածու, սակայն խորհրդարան կանցնի միայն 456-ը։
Կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունները Ռումինիայի ամենակարևոր քվեարկությունն է, քանի որ այն որոշում է նոր կառավարությանը և վարչապետին: Այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ այն կարող է ստվերվել անցյալ շաբաթվա նախագահական քվեարկությունից հետո ծագած քաոսով:
Մինչ նախագահը Ռումինիայում որոշումներ կայացնելու զգալի լիազորություններ ունի, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը, կառավարությունը գլխավորում է վարչապետը:
Նախագահի թեկնածու Կալին Ջորջեսկուն, որը առաջատար էր առաջին փուլի նախագահական ընտրություններում, վարել է անսովոր քարոզարշավ՝ գրեթե ամբողջությամբ առաջ մղելով իր թեկնածությունը TikTok սոցիալական մեդիայի հարթակում: Նա հայտնել է զրոյական նախընտրական ծախսերի մասին, սակայն նրա ժողովրդականության հանկարծակի աճը ահազանգեր է առաջացրել:
Կալին Ջորջեսկուն բացահայտ հիացմունք էր արտահայտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Հինգշաբթի օրը Ռումինիայի Սահմանադրական դատարանը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել է վերահաշվարկել և ստուգել նախագահական առաջին փուլի քվեաթերթիկները:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեկտեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում առաջին երեք կուսակցությունները կլինեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (PSD), ծայրահեղ աջ Ռումինացիների միասնության դաշինքը (AUR) և Ազգային լիբերալ կուսակցությունը (PNL):
comment.count (0)