ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին, վերջիններիս փոխանցել հարազատների պատրաստած ծանրոցները |armenpress.am|
16:58 - 06 դեկտեմբերի, 2024

ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին, վերջիններիս փոխանցել հարազատների պատրաստած ծանրոցները |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին և վերջիններիս փոխանցել նրանց հարազատների կողմից պատրաստված ծանրոցները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ անազատության մեջ պահվող անձանց հնարավորություն է տրվել  կապ հաստատել իրենց հարազատների հետ։

‹‹Բացի այդ, ինչպես ժամանակ առ ժամանակ է տեղի ունենում, այնպես էլ այս անգամ, Բաքվում անազատության մեջ պահվող անձանց հարազատներին հնարավորություն է ընձեռնվել անձնական պարագաներ պարունակող ծանրոցներ պատարաստել, որոնք ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ՝ ԿԽՄԿ-ի այցի ընթացքում փոխանցվել են անազատության մեջ գտնվող անձանց››,-նշեց Զառա Ամատունին:

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել