Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին. 25-ից ավելի ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին
00:41 - 28 փետրվարի, 2025

Անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին. 25-ից ավելի ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Քսանհինգից ավելի հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ կոչ անելով անհապաղ միջամտել Ադրբեջանում հացադուլի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և քաղաքական դրդապատճառներով անօրինական կերպով դատվող մյուս հայ գերիների հետ կապված իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին «Մենք ենք մեր սարերը»  զարգացման գործակալությունից, բաց նամակում նշված է.

«Հարգելի նախագահ Սպոլյարիչ Էգեր,

Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր: Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։

  1. Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք  անում Ձեզ՝
  2. Անհապաղ այցելություն իրականացնել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։
  3. Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։
  4. Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտման վրա, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն:
  5. Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։
  6. Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի:
  7. Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։
    Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների  պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։

Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել