civilnet.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ տեսակցությունների շրջանակներում բոլորին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»,- նշեց Ամատունին։
ՍիվիլՆեթը հետաքրքրվեց, թե արդյոք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում տեղյա՞կ են Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին, հաշվի առնելով, որ նա արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է անում, Ամատունին նշեց, որ նման հարցերը կոնֆիդենցիալ երկխոսության մաս են և քննարկվում են պահվող անձանց ներկայացուցիչների հետ։
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով երեկ նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:
Զառա Ամատունին նաև չհստակեցրեց, թե Բաքվում պահվող քանի անձի է ԿԽՄԿ-ն տեսակցել։ Նա նշեց, որ այցելել են բոլոր հայ պահվող անձնաց, որոնց անունները ԿԽՄԿ-ին հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։
Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ հետախուզական տվյալներ կան, որ Բաքվի հայ պատանդներից հոգեներգործության արգելված միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ են կորզում։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
Փետրվարի 24-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ:
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։
comment.count (0)