ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ |armenpress.am|
17:37 - 13 դեկտեմբերի, 2024

ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով անդամ պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։  

Այս մասին վարչապետը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկն, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, որն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթություններում: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը՝ վերլուծելու դինամիկան և բացահայտելու խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ այս շարունակական աշխատանքը մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը Միության անդամ երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։  

«Մենք կարևոր ենք համարում նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա ոչ միայն կհեշտացնի թվային առևտրի ընթացակարգն, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար կստեղծի ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի նպատակներին և խնդիրներին հասնելու տեսանկյունից առանցքային տարր է եղել համագործակցության նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ 

«Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցման դեպքում կարող է նպաստել ոլորտում  համագործակցության ընդլայնմանը։ Մենք նպաստում ենք այս մեխանիզմի հնարավորությունների իրազեկմանը` նպատակ ունենալով խրախուսել Հայաստանի ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային համագործակցության նախագծերին»,- իր խոսքում շեշտել է Փաշինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել