armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Սիրիայի հարցով Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում համատեղ հայտարարության ընդունումը։
Այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունն՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։
Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության կատարած գրառման մեջ։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեկտեմբերի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Սիրիայի, Բահրեյնի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Թուրքիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Եվրամիության կառավարությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի, Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի՝ Սիրիայի հարցով նախարարական հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Հայտարարության համաձայն՝ վերոնշյալ մասնակիցների միջև հանդիպումն անցկացվել է՝ քննարկելու Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, որի ընթացքում մասնակիցները հաստատել են իրենց լիակատար աջակցությունը սիրիացի ժողովրդին՝ իր պատմության այս կրիտիկական պահին ավելի հուսադրող, ապահով և խաղաղ ապագա կառուցելու համար:
Տարածված հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաև հավատարմություն են հայտնել այն սկզբունքներին, որոնք, իրենց կարծիքով, այս կրիտիկական շրջանում բխում են սիրիական ժողովրդի, տարածաշրջանի ու աշխարհի լավագույն շահերից:
Նրանք կարծիք են հայտնել, որ անցումային քաղաքական գործընթացը պետք է լինի Սիրիայի գլխավորությամբ և համարվի Սիրիայի սեփականությունը.
«Անհրաժեշտ է ստեղծել ներառական, ոչ աղանդավորական և ներկայացուցչական կառավարություն՝ ձևավորված թափանցիկ գործընթացի միջոցով և հիմնված Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի սկզբունքների վրա»,-նշված է հայտարարության մեջ։
Մասնակիցներն ընդգծել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի մանդատին և խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեծացնել ՄԱԿ-ի ներկայությունը տեղում:
«Հաստատվել է լիակատար աջակցությունը Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Շեշտվել է մարդու իրավունքների հարգումը՝ ներառյալ կանանց և փոքրամասնությունների նկատմամբ, պետական հաստատությունների պահպանումը, որոնք ծառայում են Սիրիայի ժողովրդի շահերին և կարևոր ծառայություններ են մատուցում նրան։ Շեշտվել է նաև հարևանների հետ ներդաշնակ գոյակցության անհրաժեշտությունը»,- ընդգծվել է հայտարարության մեջ։
Հանդիպման մասնակիցները շեշտել են նաև վերադարձողների համար մարդասիրական օգնության անսահմանափակ հասանելիությունը, բոլոր օտարերկրյա դիվանագիտական հաստատությունների և անձնակազմի պաշտպանությունը, քիմիական զենքի պաշարների անվտանգ ոչնչացման ապահովումը, բանտեր և հաստատություններ մուտքի հեշտացումը:
Սիրիայի հարցով նախարարական հանդիպմանն ընդգծվել է, որ Սիրիան վերջապես հնարավորություն ունի վերջ տալ տասնամյակների մեկուսացմանը։ Հանդիպման մասնակիցները հանձնառություն են ստանձնել աջակցել սիրիացի ժողովրդին այս աննախադեպ անցման փուլում։
«Ընդգծվել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի կարևորությունը՝ ներառյալ բոլոր ահաբեկչական խմբավորումների վերադարձի կանխումը։ Բացի այդ, պահանջվել է, որ Սիրիայի տարածքը վտանգ չներկայացնի ոչ մի երկրի համար կամ ապաստան չլինի ահաբեկիչների համար»,-նշված է հայտարարությունում:
Մասնակից երկրներն ու ներկայացուցիչները նաև հաստատել են Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պահանջը բոլոր կողմերին։
«Պահանջվել է բոլորի կողմից հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և նրա միասնությունն ու տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)